Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Արտիստը և ազնվական հայը` Զարեհ Մուրադյան

Արտիստը և ազնվական հայը` Զարեհ Մուրադյան
18.12.2025 | 17:06

Այսօր` դեկտեմբերի 18-ին բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի հիշատակի օրն է:

Նա ապրեց արարումներով լի կյանք։ Արևմտյան Հայաստանում` Խարբերդում ծնված, իր ամբողջ էությամբ ազգային ու համամարդկային արժեքներ կրող արվեստագետը թողեց իր հետագիծը մեր մշակույթի պատմության մեջ։ Բավական է նշել, որ Զարեհ Մուրադյանը 1935-1938 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-1957 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։ Եվ ոչ միայն բալետի արտիստ, այլև տաղանդավոր բալետմեյստեր. Երևանի օպերային թատրոնում բեմադրել է Սպենդիարյանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, ինչպես նաև պարեր ազգային և դասական օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» և այլն)։

Զարեհ Մուրադյանը կերպարներ է մարմնավորել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան», «Կովկասի գերին», Բիզեի «Կարմեն», Ռուբինշտեյնի «Դևը», Բորոդինի «Իշխան Իգոր», Մինկուսի «Դոն Կիխոտ», Պրոկոֆևի «Մոխրոտը», Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Արամ Խաչատրյանի «Գայանե», «Երջանկություն», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Գ. Հախինյանի «Լոռեցի Սաքոն»։

Նա եղել է այն արտիստն ու բալետմեյստերը, ով Հայաստանում առաջինն է բեմադրել Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտը»։

Բոլորը թվել հնարավոր չէ։

Այսօր Զարեհ Մուրադյանի հիշատակի օրն է։ Նա կյանքից հեռացավ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին` թողնելով մի ամբողջ պատմություն ու բալետի դպրոց, որը դեռ պիտի արժանիորեն գնահատվի ուսումնասիրողների կողմից։ Մշակույթը ազգի Կենաց ծառի արմատն է, որը պահպանելով ու սերունդներին փոխանցելով է միայն հնարավոր ուրվագծել ապագան։

Զարեհ Մուրադյանի անունը մնաց արվեստի պատմության էջերում և սերունդների սրտում։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 10650

Մեկնաբանություններ